«Ինչի մասին են սովորաբար խոսում և ինչի մասին չեն խոսում տղամարդիկ իրենց սեռակիցների շրջապատում»… Այս հարցը, հավանաբար, բազմաթիվ կանանց է հետարքրում: Չէ որ զրույցը մարդու սիրտը նվաճելու ամենահզոր միջոցներից է. կինը պետք է իմանա հակառակ սեռի ներկայացուցչի հոգեբանությունը, կարողանա խոսել նրա «լեզվով»
Ըստ գիտնականների հետազոտությունների` կանայք տղամարդկանցից 3 անգամ ավելի շատ են խոսում: Կինը օրական օգտագործում է 20 հազար բառ, ինչը 13 հազարով ավելի է: Բացի այդ` կանայք ավելի արագ են խոսում, քան տղամարդիկ, ավելի շատ ներուժ են ծախսում բամբասանքի վրա և հաճույք են ստանում սեփական ձայնից: Կին հոգեթերապևտ Լուան Բրիզենդայնը իր "The Female Mind", («Կանացի ուղեղ») գրքում գրում է, որ կնոջ ու տղամարդու ուղեղի բնածին տարբերությունն է պատճառը, որ կանայք ավելի շատախոս են: Նրա կարծիքով կանանց ուղեղում ավելի շատ բջիջներ կան, որոնք պատասխանատու են խոսքային գործառույթի համար: Զարմանալի չէ, որ աղջիկ-երեխաները ավելի շուտ են սկսում խոսել: Արդյունքում տղաները, ապա և` տղամարդիկ, խոսում են ավելի քիչ և փորձում են հնարավորինս թաքցնել իրենց զգացմունքները:
Ուշագրավ է, որ չնայած վերը նշված հանգամանքին` ըստ Daily Mail թերթի կատարած հարցումների 3500 բրիտանացիների շրջանում` տղամարդիկ սկսել են կանանցից շատ խոսել հեռախոսով: Միջին վիճակագրական տղամարդը բջջային և քաղաքային հեռախոսով խոսում է օրական 32 րոպե, ինչը 10 րոպեով ավելի է, քան 5 տարի առաջ: Իսկ կինը խոսում է միջինը 26 րոպե, ինչը 9 րոպեով քիչ է, քան արձանագրվել է 2002թ.-ին:
Ըստ հարցումների` տղամարդիկ հեռախոսով սիրում են քննարկել սպորտը (29%), կանանց (22%) և դրամի հետ կապված հարցերը (20%): Կանանց համար ամենահարազատ թեմաներն են տղամարդիկ (32%), հագուստը (32%) , ընդհանուր ընկերներն ու ապագա պլանները (20%):
Տղամարդկանց հոգեհարազատ թեմաների մասին զրուցեցի մեր հայրենակիցների հետ` թե կանանց, թե տղամարդկանց, և ահա թե որոնք էին ամենաբնորոշ պատասխանները.
Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ տղամարդկանց շոշափած թեմաների մեծամասնությունն առնչվում է հետևյալ ոլորտներին:
Աշխատանք և գործեր` հասարակական, քաղաքական, բարոյական և այլն: Տղամարդկանց սիրած թեմաներից է վերանորոգումը` տան, մեքենայի կամ տարբեր սարքավորումների: Սա նրանց ամենասիրած թեմաներից է, որոնց շուրջ կարող են խանդավառ խոսել: Կան տղամարդիկ, որոնց մոտ մեքենայի հանդեպ սերն անգամ խնդիրներ է առաջացնում կնոջ հետ: Հումորով ասում են` «Կարծես ամուսնացած լինի մեքենայի հետ»:
Տղամարդիկ կարող են ավերջ ու անսկիզբ զրուցել իրար հետ մեքենաներից, համակարգիչներից, ստերեոհամակարգերից, հեռուստացույցներից, տարբեր հավաքածուներից: Խոսում են մանրամասների մասին` ում մեքենան է ավելի մեծ, որտեղ արժե տեղադրել նոր զովացուցիչը կամ քանի սանտիմետրանոց հեռուստացույց է նպատակահարմար գնել:
Որոշակի խավի տղամարդիկ անպայման խոսում են քաղաքականության մասին: Հաճախ արծարծվող թեմաներից են նոր ճանապարհները կամ շինությունները քաղաքում:
Բնականաբար, կարևոր տեղ է զբաղեցնում սպորտը, հատկապես ֆուտբոլը: Եթե երկու զրուցակիցներն էլ ֆուտբոլասեր են, զրույցը պարտադիր լինում է թեժ և խանդավառ:
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ
Տղամարդիկ աշխատում են չխոսել կանանց մասին: Նրանք քննարկում են սեքսը: Կինը, սակայն, այս դեպքում դիտվում է որպես օբյեկտ, տղամարդիկ շատ չեն մանրամասնում նրա անձը զրուցակցի հետ: Օրինակ` «Ծանոթացել եմ մեկի հետ, նա շատ լավն է ու ամեն ինչ կարողանում է»: Երբեմն տղամարդը կարող է մանրամասների մասին խոսել միայն շատ մտերիմ մարդու հետ, բայց օտար շրջապատում խոսել իր անձնականի մասին նշանակում է անվստահություն, բացբերանություն և ցածրահոգություն դրսևորել: Չնայած, բնականաբար, կան չափազանցնել սիրող ու իրենց սիրային արկածները գունավոր ներկայացնող տղամարդիկ, ովքեր խոսքեր չեն խնայում պատմելու իրենց «հաղթանակների» մասին: Բայց դա առավելապես հատուկ է դեռահաս տարիքին:
Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց խնայողությունների, ունեցած գումարի մասին: Կարող են ում ասես քննարկել, բայց սեփական գումարների կամ դրանք հայթայթման միջոցների մասին երբեք չեն խոսում:
Տղամարդիկ չեն սիրում խոսել հիվանդությունների մասին: Կամ միանգամից անցնում են գործնական դաշտ, այսինքն` որ դեղն է օգնում և այլն, բայց երկար երբեք չեն ծավալվի այդ թեմայով:
Իսկական տաբու է դրված նորաձևության թեմայի վրա: Հավատացեք, գրեթե ոչ մի տղամարդ չի սիրում գնումներ կատարել: Բացի այդ` կա մի հանգամանք. խանութում տեսնելով ամենաշքեղ ու ճաշակով զգեստը, նա չի գնահատի այն: Տղամարդը հագուստի արժեքը գնահատում է միայն կնոջ հագին, երբ կարող է հպվել, իսկ իդեալական տարբերակում` հանել: Ուստի չարժի նրան ձեզ հետ գնումների տանել: Տղամարդն անգամ նորաձևության էջերի նկարները չի նայում ամսագրերում: