top of page

Սեռերի պատերազմ. ինչո՞ւ են լավ աղջիկները սիրում վատ տղաներին

Ես մի ընկերուհի ունեմ՝ խելացի, գեղեցկուհի, «կոմսոմոլուհի», մի խոսքով՝ ցանկացած տղամարդու երազանք: Բայց նա մշտապես սիրահարվում է «ոչ ճիշտ տղամարդու»: Անհասկանալի ճակատագիրը նրան նետում է այնպիսի տղամարդկանց գիրկը, որոնք ինքնատիպ պատկերացում ունեն ջենտլմենության եւ դրա հետ կապված ամեն ինչի մասին: Այդ ըմբոստի, խուլիգանի, «հավերժ ծույլիկի» կերպար է, ով միաժամանակ այնպիսի հմայք եւ գայթակղիչ ժպիտ ունի՝ անվերջ թախիծն աչքերում, որ հազվագյուտ կանայք կարող են դիմադրել նման «հրաշքի» առջեւ:

Եվ թեկուզ նա կոպիտ է, անտանելիության աստիճան ցինիկ, պատկերացում անգամ չունի կանացի նուրբ հոգու «բարդությունների» մասին, այս բոլոր թերությունները կախարդական կերպով վերափոխվում են «առավելությունների»: Չէ՞ որ նա «այնքան դժբախտ է»: Եվ կարեւոր չէ, որ նա կկոտրի սիրտդ եւ չի էլ նկատի այդ, իմ ընկերուհին, շատ այլ կանայց նման, վճռական է այդ «կորուսյալ հոգին փրկելու» հարցում: Ավելին, նա հավատում է դժվարին եւ անշնորհակալ առաքելության սրբությանը եւ պատրաստ է տառապանքի գավաթը մինչեւ վերջ ըմպել:

Մենք՝ կանայքս, ամեն դեպքում՝ մեզանից շատերը, սիրում ենք այսպիսի սխալ տղամարդկանց: Նրանք մեզ խենթացնում են, հիստերիայի հասցնում, բայց մենք ի վիճակի չենք մեզ տիրապետել: «Ճիշտ» տղամարդը, պոտենցիալ կատարյալ ամուսինն ու հայրը մասամբ աչքաթող են արվում, երբ հորիզոնում հայտնվում է «վատ» տղան, ով իր ամբողջ տեսքով ցուցադրում է, որ մեզ հետ ոչ մի առնչություն չունի: Եվ այստեղ, հավանաբար, կանացի ուղեղում ինչ-որ քիմիական ռեակցիա է տեղի ունենում: «Կատարյալ թեկնածուին» մի կողմ են թողնում՝ չնայած առողջ դատողության թելադրանքին, եւ գլխով նետվում են դեպի ճահիճը:

Վերլուծելով ընկերուհուս պահվածքը՝ ես հանգեցի եզրակացության, որ այդ պահին կինը ղեկավարվում է «փրկարարուհու բարդույթով» եւ «հավերժ տառապյալի» կերպարով: Գոյություն ունի կանանց որոշակի տեսակ, ովքեր իրենց պարտքն են համարում «փրկել» տղամարդուն, եթե անգամ նա դիմադրում է:

Կուրացած մայրական բնազդով եւ «երկաթե տրամաբանությամբ»՝ այդպիսի կինը միշտ վստահ է, որ ավելի լավ գիտի, թե ինչ է հարկավոր իր թանկագին կեսին: Իսկ նրա դիմադրությունը որպես մարտահրավեր է ընդունում: Որքան ակնհայտ է, որ «առաքելությունն անիրագործելի է», այնքան մոլեգնորեն ու համառությամբ է նա շարունակում առաջ ընթանալ իր ճանապարհով: Ավելին, նման կինը խորապես համոզված է, որ վաղ թե ուշ փրկության «օբյեկտն» ըստ արժանվույն կգնահատի իր ջանքերը եւ մինչեւ մահ երախտապարտ կլինի իրեն:

Բայց, ցավոք, տղամարդը փրկության կարիք չունի: Եվ այդ «սուրբ առաքելությունն» ընկալում է որպես իրեն վերափոխելու, ճնշելու քայլ: Այնպես որ՝ նման «փրկարարները» դատապարտված են տառապելու: Հիմա վերջինների մասին: Հավանաբար, հանդիպել եք «տառապած» հայացքով կանանց, ովքեր ընդունել են իրենց «խաչը» ամուսնու, սիրեցյալի, «հրեշ» ընկերոջ տեսքով, եւ այն կրում են խոնարհությամբ՝ վստահ, որ իրենց այդ փոխհատուցվելու է եթե ոչ երկնքում, գոնե հաջորդ կյանքում: Այդպիսի կանայք վստահ են, որ սերը պետք է տառապանք բերի: Իսկ դրա բացակայության դեպքում իրենք են իրենց համար խնդիրներ հորինում, փորփրում են, հրահրում, վերլուծում այնքան, մինչեւ զգում են այդքան ցանկալի տառապանքը: Այդ ժամանակ նրանք «հանգստանում» են, հաղթական տեսքով շարունակում են կրել իրենց «խաչը»՝ լռելյայն հարցնելով. «Իսկ դուք կդիմանայի՞ք»:

Այդ կարող է աբսուրդ թվալ, բայց հավատացեք, այդպիսին է կնոջ էությունը: Հիշում եմ, մի անգամ այս ընկերուհիս երկար պատմում էր, թե ինչպես է իր հերթական սիրեցյալը ծաղրում իրեն: Ես երկար ու արդարացիորեն վրդովվում էի, փորձում համոզել, որ իրենց հարաբերությունները դատապարտված են, եւ պետք չէ դրանք շարունակել, մինչեւ նա ասաց. «Դե, ուրիշ ո՞վ կարող էր դիմանալ»: Միաժամանակ, նրա դեմքը լուսավորված էր տարօրինակ, ես կասեի՝ «մազոխիստական» ժպիտով: Եվ պետք է տեսնեիք, թե որքան ինքնահավանություն կար նրա դեմքին… Այդ օրվանից ես դադարեցի ընկերուհիներիս խորհուրդներ տալ:

 

bottom of page